Рубрика: Համագործակցություն այլ պարտեզների հետ, Հեռավար ուսուցում, Ընտանեկան նախագիծ

Ընտանեկան դպրոցներ, որոնք չունեն սահմաններ

Արդեն երկու ամիս է, ինչ հետաքրքիր համագործակցություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Դեբեդավան գյուղի մանկապարտեզի հետ։

Ուզում եմ մի փոքր պատմել, ներկայացնել մեր ծանոթության մասին։ Այն սկսվել է ֆեյսբուքյան հարթակում։
Գյուղում պարտեզ եղել է, բայց 2019 թվականին վերանորոգվել ու վերաբացվել է բոլորովին նոր, գեղեցիկ ու գունավոր տեսքով։ Պարտեզում գործում է մեկ խումբ, որտեղ հաճախում են տարատարիք երեխաներ, խմբի դաստիարակը՝ Աղունիկը, ջանք չի խնայել, որ երեխաների օրը հագեցած ու հետաքրքիր անցնի, լինի այնպիսի պարտեզ, որտեղ երեխան սիրով կհաճախի, որտեղ նա ոչ թե կկրկնօրինակի, այլ կստեղծագործի։ Մեկուսացման օրերն սկսելու հետ նա փորձել է երեխաներին զբաղեցնելու և ուսուցանելու ելքեր փնտրել։ Ֆեյսբուքում տեսնելով մեր կիսված նյութերը, աշխատանքը, նախագծերը՝ ցանկություն հայտնեց համագործակցության։ Սկսեցինք միասին աշխատել. սկզբում ներկայացրեցի մեր «2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր» բլոգը, որտեղ ներկայացված են մեր աշխատակարգը, ծեսերն ու օրացույցը, առաջարկեցի ուսումնասիրել «Պարտեզ» էջը և «Դպիր»ամսագիրը, տրամադրեցի ազգային մանկական երգերի, խաղերի, խաղիկների փաթեթները։ Սկսեցին հետևել մեր շաբաթվա նախագծերին։ Շուտով ուղարկեցին «Մայրիկի օգնականը»,«Իմ ընտանիքը», բազմաթիվ տեխնոլոգիական, տրամաբանական ու մարզական աշխատանքներ։
Այնուհետև մայրիկներն սկսեցին ընտանեկան նախագծեր առաջարկել և իրականացնել։ Երեխաներն ու ծնողները մեծ ոգևորությամբ ներկայացրել են իրենց գյուղական առօրյան՝ մաքուր, բնական, առանց ձևականության ու ավելորդության։
Մեր գյուղի առօրյան

Հետաքրքիր են ծնողների կարծիքները հեռավար ուսուցման ու համագործակցության մասին։

«Բարև՛ բոլորին, ես գյուղ Դեբեդավանի բնակիչ եմ՝ պարտեզի սան Մանեի մայրիկ Նաիրան։ Իմ երեխան հաճախում է մանկապարտեզ, որը մի քանի ամիս է, ինչ բացվել է։ Վերանորոգված է, կահավորված, և շատ հարմարավետ ու գեղեցիկ։ Ունենք շատ լավ աշխատակազմ՝ հոգատար, ուշադիր։ Համաճարակի պատճառով փակ է պարտեզը, բայց մեր հոգատար ու աշխատասեր դաստիարակի շնորհիվ այն գործունեությունը, որ պետք է երեխաները կատարեին մանկապարտեզում, կատարում են տանը։ Շատ հետաքրքիր է, մենք էլ կտրվում ենք մեր առօրյա հոգսերից և փոքրիկների հետ նկարում, ներկում, հետաքրքիր ազգային խաղեր վերհիշում ու խաղում։ Քանի որ ապրում ենք գյուղում, մեզ համար սովորական է գյուղական եռուզեռը, բայց շատ ոգևորվեցինք, երբ «Մխիթար Սեբասացի» կրթահամալիրի կայքում տեսանք մեր աշխատասեր փոքրիկներին»։

«Ես Դեբեդավանի մանկապարտեզ հաճախող Միլենայի մայրիկն եմ։ Աղջիկս մի քանի ամիս պարտեզ էր գնում մեծ դժվարությամբ, արդեն հարմարվել էր, բայց ստիպված մնացինք տանը։
Հեռավար ուսուցումը շատ լավ մոտեցում է, քանի որ երեխաներն անընդհատ սովորում են ու անելիք ունեն։ Մեզ համար էլ է հաճելի, որ մեր երեխայի առօրյայով մեզնից բացի հետաքրքրվողներ կան, մեր ընկեր Աղունն էլ անընդհատ պրպտում, փնտրում, կապեր է ստեղծում ուրիշ պարտեզների հետ, նորություններ է բերում մեզ և երեխաների համար»։
«Ես Սաթինեն եմ՝ Նարեկի մայրիկը։ Իմ երեխան մանկապարտեզի վերաբացումից հետո է սկսել հաճախել։ Չնայած անցել ենք հեռավար ուսուցման, բայց չենք դժվարանում։ Խաղում ենք բազմաթիվ խաղեր ջրով, աղով, միտքը, տեսողությունը, լսողությունը զարգացնող խաղեր, որոնք նորություն են մեզ համար։ Հեռավար դասը երեխայի օրը դառձնում է հագեցած։ Շատ շնորհակալություն եմ հայտնում ընկեր Աղունին այսպիսի պայմաններ ու հնարավորություն ստեղծելու համար»։

Պարբերաբար տեսակապի միջոցով հանդիպում ու զրուցում ենք դաստիարակի հետ մեր նախագծերից, աշխատանքներից։ Սկզբում ֆիլմերը ես էի մոնտաժում, բայց արդեն սկսել եմ ծանոթացնել նաև մոտաժային ծրագրերին, որից հետո կանցնենք նաև բլոգավարությանը։ Աղունիկը մեծ ցանկություն ունի նաև վերապատրաստվել կրթահամալիրում։ Հուսանք շուտով դա էլ կստացվի։ Նա գրում է. «Համացանցում արտասահմանյան շատ պարտեզների էջերի եմ հետևում, բայց որ Հայաստանում կա այսպիսի հետաքրքիր, ազատ ու առաջադեմ պարտեզ, չգիտեի։ Ինձ համար կրթահամալիրը բացահայտում էր։ Չեմ հիշում, թե ընկերներիցս ում էջում հանդիպեցի Էլյա Գրիգորյանի մի հրապարակման, որտեղ երեխաները, հատակին պառկած, աղով նկարում էին։ Հետաքրքրությունից մտա նրա ֆեյսբուքյան էջ, բլոգ, ու ինձ համար բացվեց մանկապարտեզային մի ուրիշ աշխարհ՝ առանց ձևական հանդեսների, առանց անգիր արած խոսքերի։ Հետո սկսեցի ուսումնասիրել կրթահամալիրի կայքը․ յուրաքանչյուր նյութից հետո հիացմունքս ավելանում էր՝ կենդանի դպրոց, ազգային արժեքները գնահատող կրթական բաց միջավայր։
Ընկերացանք Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ու հեռվից սկսեցի հետևել կրթահամալիրի աշխատելաոճին ու մեթոդներին։ Իսկ երբ սկսվեց հեռավար ուսուցման շրջանը՝ ինձ համար անորոշ շրջան, սկսվեց մեր նամակագրական կապը։ Տեսազանգերի միջոցով սկսեցինք խոսել մեր անելիքների, ծրագրերի, համագործակցության մասին։
Իմացա, որ հնարավոր է առցանց վերապատրաստում էլ անցնել, բայց կրթահամալիրի միջավայրը հեռվից այնքան գրավիչ է, որ ուզում եմ վերապատրաստումը ֆիզիկական միջավայրում անցկացնել։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի, և բազում առիթներ կունենաք հիանալու սաների գործունեություններով»։
Իսկ ես էլ կավելացնեմ, որ սիրով եմ աշխատում նրանց հետ, փոխանցում փորձս և սիրով եմ սովորում նրանցից ու ոգևորվում նրանց աշխուժությամբ ու ակտիվությամբ։
Ֆեյսբուքյան էջիս հետևում են նաև Վանաձորի իմ ընկերները, այդ աշխուժությունը նրանց էլ է փոխանցվել, ու պարբերաբար ներկայանում են իրենց ընտանեկան նախագծերով։
Վանաձորյան ընտանեկան նախագծեր
Այս հագեցած ու ծանրաբեռնված շրջանում չեմ մոռանում նաև հեռավար ուսուցման հիմնական մեխը դարձած ընտանեկան դպրոցի մասին, և գիրս կշարունակեմ արդեն ոչ թե որպես դաստիարակ, այլ որպես երեք սեբաստացի երեխա ունեցող մայրիկ։
Այս ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղեր դարձան կրթահամալիրի սաների ընտանեկան դպրոցները, որոնք ներկայանում էն իրենց ընտանեկան նախագծերով։ Այդպիսի դպրոց է նաև մեր «Գրիգորյան» ընտանեկան դպրոցը, որն արդեն բազում ձեռքբերումներ ունի։ Դպրոցում ամեն նոր օր մի նոր նախագիծ է իրականություն դառնում։
Օրն սկսում ենք առավոտյան զբոսանքով, արագ քայլքով։

Անահիտ զբոսանքք
Զբոսանք քոլեջում

Միասին սովորում ենք, քննարկումներ ենք անում, հետաքրքիր բնագիտական փորձեր ենք իրականացնում, ֆիլմեր ու մուլտֆիլմեր դիտում, ստեղծագործում խոհանոցում և խաղում ու խաղում։
Այս ընթացքում մեր ընտանեկան դպրոցում Նարեկի և Անահիտի հետ իրականացրել ենք հետաքրքիր բնագիտական փորձեր՝

Փարավոնի օձերը
Փղի ատամի մածուկ
Տարբեր ճնշումներ
Գունավոր լավա

Բնագիտական փորձերի ընթացքն այնքան հետաքրքիր է, որ Նարեկն ու Անահիտը սկսում են վիճել, թե նյութն ում բլոգում է հայտնվելու։ Այս դեպքում նույն նյութը ներկայացնում եմ երկու մեկնաբանությամբ՝

Երրորդ հարկի բանջարանոցը և

Անահիտի բանջարանոցը, Բույսերի աճը

Բույսի մեջ ջրի շրջանառությունը և Ներկրվող տերևները

Կազմակերպել ենք նաև գրական օրեր՝ թումանյանական, սահյանական, տերյանական

Համո Սահյան֊ Բնություն

Շունն ու կատուն

Շունը

Իմ Տերյան

Առաքելը՝ մեծ տղաս, իններորդ դասարանում որոշեց, որ խոհարար է դառնալու և ուսումը շարունակելու է «Հայ֊-հունական» քոլեջում, այնուհետև՝ խոհարական միջազգային որևէ դպրոցում։
Ինչևէ, որոշողը ինքն էր, և մենք համաձայնեցինք։ Սակայն վերջին պահին մտափոխվեց.
«Ես չեմ պատկերացնում կրթահամալիրից դուրս այսքան ազատ ուսուցում ու շփում, ուզում եմ այս երեք տարին էլ վայելել դպրոցը, միջավայրը, անկաշառ ու մաքուր շփումը»։
Շարունակեց սեբաստացի լինել և սովորելու հետ սկսեց հաճախել «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիա», ու այս մեկուսացման շրջանում երբեմն հետաքրքիր ազգային ճաշատեսակներ է ներկայացնում։ Խոհանոցում են երեխաներս․ միասին պատրաստում ենք մեր սիրելի ուտելիքները։

Քյալագյոշ

Մածնապուր

Կաթից մածուն, մածունից քամած մածուն

Համեղ նկար

Զատկական հաց

Տնական պանիր

Շատ ակտիվ է նաև Անահիտը պարտեզային գործունեության մեջ։
Անընդհատ ներկայանում ենք նոր նախագծերով ու խաղերով, երաժշտական ու տեխնոլոգիական աշխատանքներով։
Անահիտը դարձել է բլոգավար, և բոլոր աշխատանքները ներկայացնում ենք նրա նրա բլոգում։Սկսել ենք կամաց-կամաց զարգացնել բլոգ վարելու հմտությունները։
Իրականացրել ենք շրջակա միջավայրի և բույսերի խնամքի օրեր, մասնակցել ենք «Կանաչ օր» հիշատակի օրվան։

Կանաչ օր

Ծառզարդարի այլընտրանք

Ես բնագետիկ եմ

Ծաղկի կտրոնների տնկում

Հեռավար ուսուցման ընթացքում միացանք նաև Վիգեն Ավետիսի «Ճոխությունը փոխարիանենք հարմարավետությամբ» նախաձեռնությանը, տան իրերի վերաձևավորմամբ նոր շունչ տվեցինք հին իրերին։

Աթոռի նոր կյանքը

Մի դռան պատմություն

Բաց ու թափանցիկ, առանց պատերի միջավայրի մեջ մեծացած երեխաներին դժվար է պահել տանը, ու որքան էլ հագեցած է մեր առօրյան, որքան էլ փորձում ենք հետ չմնալ ուսումնական գործընթացից, միևնույնն է, ֆիզիկական շփման պակասը շատ է, կարոտում ենք բոլորին, կարոտում ենք մեր դպրոցը։
Հուսանք, որ շուտով կհանդիպենք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s