Рубрика: Դաստիարակի օրագիր

Առավոտն ու շատախոսները

Օրվա ընթացքում երեխաները քչփչում են, խաղում ու զրուցում են տարբեր թեմաներից։ Երբ քնից արթնացան, սկսեցինք խոսել , թե ի՞նչ է առավոտը, ո՞րն է առավոտվա և գիշերվա տարբերությունը, ի՞նչ են անում առավոտյան արթնանալուց հետո, ինչպե՞ս են լվացվում, լվանում ատամները, լողանում, ինչպե՞ս են հագնվում և ո՞ր շորերն են դժվար հագնում։ Փորձեցինք սովորել մեկս մյուսին լսել, խոսքը շարունակել, բառերը ճիշտ արտասանել ու ոչ հայերեն բառերի հայերեն տարբերակը վերհիշել։

Մի քանի հետաքրքիր, զվարճալի հատվածներ զրույցից՝

  • Պարզվեց, որ առավոտն սկսում են մայրիկի անկողնու վրա ցատկոտելով։

֊ Ես ու ապերս մամայիս մահճակալ վրա գլուխկոնծի էինք տալիս, ու մամայիս մահճակալը քանդվեց։ (Լանա)
֊ Իսկ ես ուզում եմ բատուտ գնամ ու մամայի անկողնու վրա թռչկոտում եմ։ (Սոնա)

  • Առավոտն ի՞նչ է։

֊ Առավոտը բարևել է։ (Լանա)
֊ Առավոտը լույս է։ (Մայա)
֊ Առավոտը, որ զարթուցիչ չի լինում, աքաղաղն է ասում՝ ծուղրուղո՜ւ։ (Սոնա)

  • Ո՞րն է առավոտվա և գիշերվա տարբերությունը։

֊ Արևն ու լուսինը կռվում են իրար հետ, հետո գիշերը լուսինն է գալիս, իսկ առավոտյան հաղթում է արևն ու դուրս է գալիս։ (Նելլի)

  • Առավոտյան, երբ արթնանում եք, ի՞նչ եք անում։

֊ Չիշիկ ենք անում։(Սոնա)
֊ Ես լվացվում եմ ու ատամներս եմ լվանում։ (Լանա)
֊ Առավոտը, որ գալիս ա, լվացվում եմ ու сметана(թթվասեր) եմ ուտում։ (Նարեկ)

  • Ինքնուրույն ինչպե՞ս եք հագնվում։

֊ Ես իմ շորերը հանում եմ, ծալում եմ, բարձիս տակ եմ դնում, հետո պարտեզ գնալու իմ նոր շորերն եմ հագնում։ (Լանա)
֊ Ես մենակ трусик(վարտիք) եմ կարողանում հագնել, շալվար և բլուզ, իսկ ռետուզը(զուգագուլպա) մաման է օգնում։ (Նելլի)

  • Ինչպե՞ս եք լողանում։

֊ Լողանալը, եթե կեղտոտ են լինում, լողանում են։ (Նելլի)
֊ Շապունով, ձեռքով։ Шланг֊ը վերցնում եմ, գլխիս եմ պահում, տաք ջուր է գալիս։ Մաման գալիս է, շապուն է քսում, ու փրփուրները սիպակ են։ (Նարեկ)
֊ Ես արդեն մենակ եմ լողանում, շամպունը գլխիս եմ լցնում, մաման գալիս ա, էլի գնում ա, ես իմ վրա էլի ջուր եմ պահում, հետո մաման գալիս ա, սրբիչ ա բերում, պապան գրկում, տանում ա անկողնու մոտ, մաման գալիս ա, չորացնում ա, ես էլ իմ շորերը հագնում եմ։ (Լանա)

  • Ինչպե՞ս եք լվացվում։

֊ Երբ դրսից գալիս ենք, ձեռքերը կեղտոտ է լինում, օճառով լվացվում ենք, որ միկրոբներին քշենք։ (Նելլի)
֊ Իմ պապիկը գիտե՞ս թուշերը ինչով ա լվանում։ Թրաշվելու համար ա քսում ու լվացվում ա, մազերը թափվում ա։ (Նարե)
֊ Արթնանում եմ ու չոփիկով եմ լվանում։ (Կարեն)