Рубрика: ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

«Ծիտը» երաժշտական հեքիաթ նախագիծ

Անվանումը ֊ «Ծիտը» երաժշտական հեքիաթ

Նախատեսված է՝ 2֊4 տարեկանների խմբի համար։

Մասնակիցներ՝ 2֊4տարեկաններ, դաստիարակներ, երգի մասնագետ։

Իրականացման տևողությունը ՝ 2.02 ֊ 20.02

Նպատակը ՝ ծանոթանալ, սովորել, բերանացի ասել Թումանյանի «Ծիտը» հեքիաթը, տարածել Թումանյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ազգային խաղերն ու պարերը։ Ձեռք բերել տեխնոլոգիական, ստեղծագործական հմտություններ։

Խնդիրները` հեքիաթի ամեն կտորից հետո դրան համապատասխան երգ երգելով ու արտասանելով՝ ստանալ հեքիաթի այլընտրանքային տարբերակ, բերանացի իմանալ հեքիաթը, երգերը, բանասըեղծությունները։ Երեխաների մոտ զարգացնել բանավոր խոսքը, երաժշտական ունակություններն ու խմբային աշխատանքի կարրողությունը։

Նախագծի ընթացքում նախատեսվում է`վերհիշել «Ծիտը» հեքիաթը, սովորել նոր երգեր ու ոտանավորներ, յուրացնել ազգային պարերն ու խաղերը, կատարել տեխնոլոգիական, նկարչական աշխատանքներ,հեքիաթի տիկնիկներ, ստեղծել երգող հեքիաթ։

Միջավայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ պարտեզի 2֊4 տարեկանների խմբասենյակ, այգի, լանջեր։

Անհրաժեշտ գործիքները՝ ֆոտո֊տեսանկարահանող սարք, երաժշտական գործիքներ

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Թումանյանի հեքիաթն ու ոտանավորը

  • «Ծիտը»
  • ԾԻՏԸ
    Հուռին գնաց բանջարի,
    Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
    Խոտի տակին ծիտ եղավ,
    Ծըլվըլալեն դուրս թռավ։
    Ծիտը թռավ գերանին,
    Կանաչ խոտը բերանին։

Երգեր

Ազգային պար

Ազգային խաղ

  • Աղջիկ փախցնոցի

Նախագծի իրականացման ընթացքը

  • Ամրապնդում ենք հեքիաթը տեխնոլոգիական աշխատանքների, այլընտրանքային նկարչության, մատիկաթատրոնի, առօրյա խաղերի միջոցով։
  • Սովորում ենք երգեր՝ հեքիաթի դրվագներին համապատասխան
  • Ստեղծում ենք դիտակտիկ նյութեր՝ հեքիաթի հերոսներին։

«Ծիտը» երաժշտական հեքիաթի ծրագիր
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,ф
Կանաչ խոտը բերանին։

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։ Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում,

Միասնական երգ՝ Ծիտը
Ծիտն եմ, ծիտն եմ, ծիտմիտիկ եմ,

Ծլվլում եմ թռչկոտում եմ,

Թիվ, ծիվ, ծիվ…

տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Միասնական երգ՝ Գունդ անեմ

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Միասնական երգ՝ Հինգ էծ

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Միասնական երգ՝ Պսակ, պսակ

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ազգային խաղ՝ Աղջիկ փախցնոցի

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Միասնական երգ՝ Այ ֆորկա

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Միասնական երգ՝ Ծիտը

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Հեքիաթն ավարտվում է ուրախ Թամզարայով։

Նախագծի ամփոփում , գնահատում

Ամբողջական փաթեթն՝ այստեղ։