Рубрика: Դաստիարակի ինքնակրթություն, Թումանյան

Իմ Թումանյանը

Թումանյանն այնքան հոգեհարազատ է ինձ, որ որոշեցի ինքս ինձ հետ հարցազրույց վարել, փորփրել հիշողությունս ու մանկության օրերից հասնել մինչև մեր օրեր։

Ամպի տակից ջուր է գալիս,

Դոշ է տալիս փրփրում,

Էն ում յարն է նստած լալիս,

Հոնգուր, հոնգուր, էն սարում։

Այս երգը, մեղեդին ծնվածս օրից ականջիս տակ իր քնքուշ ձայնով մայրս էր երգում։ Օրորոցային չէ, բայց այնքան մեղմ, այնքան գեղեցիկ է, որ երգը չսիրել ու չհիշել անհնար է։

Երեք տարեկանում անգիր գիտեի, արտասանում էի «Շունն ու կատուն», «Փիսիկի գանգատն» ու գրեթե ամբողջությամբ «Մարոն», (ցավոք, այսօր «Մարոն» անգիր չեմ հիշում)։ Իհարկե, դա ծնողներիս աշխատանքն էր, ու շատ շնորհակալ եմ նրանց, որ թումանյանական մեծ սերը նրանք իմ մեջ սերմանել են իմ ծնված օրից։ Այդ սերը հասունանում է տարիքի հետ, ու ամեն տարի նրա ստեղծագործություններում նոր երանգներ ու մտքեր եմ բացահայտում։

Իմ մանկության շրջանում շատ կարևոր ու դաստիարակող դեր են ունեցել Թումանյանի հեքիաթները։ Հայրիկս «Սևուկ ուլիկը» պատմում ու միշտ վերջում ինձ ու քրոջս ասում էր. «Դուք էլ իմ ուլիկներն եք, հանկարծ անծանոթներին դուռը չբացեք»։
Տատիկիս հետ էինք խաղում «Սևուկ ուլիկ» խաղը։

Տատիկիս հետ էինք խաղում «Սևուկ ուլիկ» խաղը։

֊Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, տուն արի՛։

֊Ինչի՞ համար։

֊Գայլը սարի հետևն է։

֊Մեզ ի՞նչ կանի։

֊Ձեզ կբռնի։

֊Ուուուու,֊ վախենում են ուլիկները։

֊Մեկ, երկու, երեք, չորս, դե՛ շուտ վազեք, հասեք տուն։

«Ծիտը» հեքիաթը, որ բոլոր երեխաներն են սիրում, ես էլ էի շատ սիրում, ու հաճախ ծնողներս ինձ նմանեցնում էին չարաճճի ծիտիկին։ Մայրիկս միշտ ասում էր. «Ծտի նման տվածդ իրերը հետ ես ուզում, բայց վերջում քեզ սազիկն էլ չի մնալու»։
Մանկությանս տարիների ամառներն անցել են Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանի ծննդավայրում։ Գրեթե ամեն շաբաթ գյուղ էինք գնում՝ հորաքրոջս տուն, ու վազում Թումանյանի տուն֊թանգարան ու ամեն անգամ մի փոքրիկ նորություն բացահայտում։

88֊ի երկրաշարժից հետո տեղափոխվեցինք Թբիլիսի։ Ես տասը տարեկան էի։ Երկու տարի այնտեղ ապրեցինք. մայրս հաճախ էր մեզ տանում Սբ. Աստվածածին եկեղեցի (Խոջիվանք), որի բակում թաղված էր Թումանյանը։ Թումանյանի Թբիլիսիի տան կողքով անցնելիս միշտ համեմատում էինք Դսեղի փոքրիկ կիսագետնափոր տան հետ։ Մայրս պատմում էր, որ Տիգրանյանն էլ է այդ շենքում ապրել, և «Անուշ» օպերան հենց այդ տանն է գրվել։

Թումանյանի հեքիաթները լավագույն ուսումնական նյութերն են, որոնց շնորհիվ կյանքի ցանկացած դրվագ կարող ես բեմադրել ու որպես օրինակ ներկայացնել։
Ես ի սրտե ծիծաղել եմ «Բարեկենդանը» կարդալիս, ուրախացել եմ, որ «Տերն ու ծառան» հեքիաթում ծառան ավելի խելացի էր տիրոջից, հուզվել, տխրել եմ «Կռնատ աղջիկը» կարդալիս, իսկ «Գիքորը» պատմությունը կարդալիս արտասվել եմ ու քանի օր Գիքորի կարոտի մասին եմ մտածել։

Ավելի հասուն տարիքում սկսեցի ևս մեկ անգամ քառյակները կարդալ ու բացահայտեցի մի ուրիշ Թումանյան՝ խորհրդատու, խորագետ ու իմաստուն։

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Իմ սիրելի ստեղծագործությունն է, չորս տողի մեջ խտացնում է մի ամբողջ կյանք, խորհրդատու է, ուղեցույց ու փարոս մոլորվածի համար։