Рубрика: Ձմեռային պարտեզ, Տեխնոլոգիա

Նամակ Ձմեռ պապիկին

Կարծում եմ, մեզ հաջողվեց ստեղծել մի փոքրիկ հեքիաթ, մի փոքրիկ հրաշք, որովհետև փայլում էին երեխաների աչուկները, թևածում է ծիծաղը, բարձր տրամադրությունն ու հրաշքի սպասումը։

Ամանորն ամենագեղեցիկ ու սպասված տոներից է։ Ամանորին հրաշքների բոլորն են սպասում։ Նորություն չէ, որ ամանորի ամենասպասված հյուրը Ձմեռ պապն է, ով առատ ու բազմազան նվերներ է բերում երեխաներին։ Երեխաներն էլ գեղեցիկ նկար֊նամակներ պատրաստեցին և ուղարկեցինք Ձմեռ պապիկին։ Անչափ հետաքրքիր է, երբ նկարելու ընթացքում հետևում ես երեխաների խոսքին. մեկ֊երկու գիծ են գծում ու մի երկա՜ր պատմություն պատմում այդ գծերի մասին, ապշում ես, թե այդ փոքրիկ մարդուկին որտեղի՞ց այդքան գունավոր, պատկերավոր երևակայություն։

Նամակները պատրաստելուց հետո, կապեցինք փուչիկին ու դուրս վազեցինք, որ հասցնեք Ձմեռ պապիկի սահնանի ետևից ուղարկենք։ Երեխաները ուրախ երգեցին, արտասանեցին, հետո էլ բարձր կանչեցին Ձմեռ պապիկին, որ նա լսի ու փուչիկի թելից բռնի։

Օրը մառախլապատ էր և փուչիկը շուտ անհետացավ տեսադաշտից։ Երեխաները մի պահ խառնվեցին ու հարցրեցին.

֊Բա, մեր փուչիկն ո՞ւր կորավ։

֊Վա՛յ, Ձմեռ պապիկին եղնիկները սահնակով թռցնում֊տանում էին, մեր ձայնը լսեց ու փուչիկ թելից բռնեց։ Էսա կգնա տուն ու մեր նամակները կկարդա։

֊Բա ո՞նց ա կարդալու։

֊Ինքը կախարդական հեռադիտակ ունի, դրանով ա կարում։

֊Ո՛չ, Ձմեռ պապիկը ակնոցներով ա կարդում։

….Ու այսպես երկար֊բարակ ամբողջ օրվա ընթացքում քննարկում, վիճում, ճշտում էին երեխաները։