Երեխաները տարբեր են

«Մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են»։ Ես չգիտեմ, թե ով է այս խոսքերի հեղինակը, բայց մտորելու տեղիք տվող խոսքեր են։

Համաձայն եմ, որ եթե մարդն իր բնույթով մանկավարժ չեղավ՝ մանկավարժ չի դառնա երբեք։ Սակայն եթե մանկավարժ ծնված մարդն եղավ ալարկոտ, տեղում դոփող, այդ դեպքում էլ ոչինչ չի ստացվի։ Լավ մանկավարժ, դաստիարակ դառնալու համար ուժեղ նյարդեր են պետք, անընդհատ սովորելու, պրպտելու ցանկություն, աշխատանքիդ անմնացորդ նվիրվելու կարողություն և փորձառություն, վերջինս էլ օգնում է տարբեր իրավիճակներից ելքեր գտնելուն, բարդ թվացող խնդիրները լուծելուն։

  • Լացող երեխաներ

Լացելով մանկապարտեզ եկող երեխաները տարբեր են. ոմանց կարողանում ես հեշտությամբ շեղել, զբաղեցնել, իսկ կան երեխաներ, որոնց ժամանակ է պետք խաղաղվելու համար։ Վերջերս մեր խումբ է գալիս ժպտադեմ, գանգուրիկներով սիրունիկ աղջիկ, բայց մայրիկից բաժանվելու պահը շատ դժվար է ստացվում։ Գրկում եմ, մոտենում ենք պատուհանին և կանչում ենք բակի շունիկներին։
֊Շուիկ, արի՛, արի՛, շուտ,արի’ …֊ի մոտ,-կիսալաց, կիսածիծաղ ասում է գանգուրիկն ու վերջ, սկսում է խաղալ ու վազել։

  • Չներառվող երեխաներ

Այս խմբի երեխաների հետ մի քիչ դժվար է աշխատել։ Պետք է հիշել, որ այս երեխաների հետ բարկանալով, ստիպելով, ինչ-որ բան պնդելով՝ արդյունքի չես հասնի։ Նրանց հետ շփումը պետք է մեղմ լինի, բայց ոչ շողոքորթ ու ձևական։ Պետք է կարողանալ գտնել երեխայի հետաքրքրությունները, սիրելի զբաղմունքները, ամենակարևորը, որ երեխան քեզ ընկեր, խաղընկեր համարի, ու կարող եք խնդիրների մեծ մասը լուծված համարել։

Մեր խմբի սաներից մեկն էլ հայերեն չգիտի ու երեխաների հետ չի կարողանում շփվել։ Մենք էլ որոշեցինք, որ նրան կամաց֊կամաց հայերեն սովորեցնենք, իսկ մյուսներին՝ ռուսերեն։ Ու հենց որ նա հայերեն մի բառ է ասում, երեխաները սկսում են ռուսերեն բառեր ասել՝ թեկուզ չկապակցված, թեկուզ սխալ արտասանությամբ, բայց նա ուրախանում է և իրեն նրանցից մեկն է համարում։

  • Ագրեսիվ երեխաներ

Այս դեպքում պետք է զրուցել երեխայի հետ իր վարքի մասին` առանց վկաների և կողմնակի անձանց:

Մենք՝ մեծահասակներս, չպետք է ճնշենք երեխայի ագրեսիան՝ վիրավորելով, ծեծելով կամ նվաստացնելով, և ամենակարևորը` երեխան շփումից, զրույցից, վերաբերմունքից պետք է զգա սեր ու ջերմություն։ Ագրեսիվ վարքի դրսևորման ժամանակ չի կարելի երեխային խոստումներ տալ, այդ դեպքում նա կթաքցնի ագրեսիվությունը` խոստացված նվերները ստանալու համար, բայց այն չի վերանա: Երեխային ագրեսիվ վարքին հաղթահարել օգնում են նկարելը, պլաստիլինով կամ կավով աշխատելը, հեքիաթները:

Ագրեսիվ երեխաների հետ երբեմն֊երբեմն զրուցում եմ միջանցքում, այգում, ջերմոց֊լաբորատորիայում։ Ու բավականին առաջընթաց եմ զգում։

֊Դու գիտե՞ս, որ մեր խմբի մեծերից ես, իմ օգնականն ես ու օրինակ ես խմբի փոքր սաների համար, ֊մի անգամ զրուցում էի սաներից մեկի հետ։

֊Գիտե՛մ, ֊մազերը ոլորելով պատասխանում է։

֊ Բա՞, երբ որ խփում ես, հրում ես, նրանք նայում ու սովորում են ու նույն բանն էլ կրկնում են, լավ չի, չէ՞։

֊Չէ՛, լա՛վ չի, ընկնում, լացում են։

֊Իսկ ես ու դու՝ մեծերով, չենք կողմնորոշվում՝ ի՞նչ անենք, բարկանա՞նք, թե՞ ոչ։ Ուրեմն՝ պիտի էնպես անենք, որ քիչ վիճենք, չկռվենք ու իրարից չնեղանանք։

Երբեմն էլ նրանց հետ նստում, սկսում եմ նկարել, ծեփել կամ հեքիաթ կարդալ, մեկ էլ կամաց֊կամաց մյուսներն էլ շուրջս են հավաքվում ու.

֊ Բա ե՞ս։

֊ Ես էլ եմ ուզում նկարել։

֊ Ես մեքենա եմ ծեփում։

Ու մոռանում են և՛ կռիվը, և՛ քաշքշուկը, և՛ լացը, հաշտ ու համերաշխ զբաղվում են սիրելի գործունեությամբ։

  • Կամակոր երեխա

Իմ փորձից ասեմ, որ սովորաբար երեխաները կամակոր են լինում տանը։ Նրանք գիտեն, որ իրենց կամակորությունը մանկապարտեզում չենք խթանում, որ լացով ուզածին չեն հասնում, որ մանկապսրտեզում կան որոշակի կանոններ (ուտելու, քնելու, զբոսնելու ժամեր), որոնց բոլորն են հետևում։ Եվ հետևաբար երբ որոշակի պահանջներ մերժվում են, և երեխան զգում է, որ իր լացն անզոր է, կամակերությունն անհետանում է։

  • Չքնող երեխա

Կեսօրի քունը ամենաարժեքավոր երևույթներից մեկն է երեխայի առօրյայում։ Երեխան իրեն շատ ավելի լավ ու հանգիստ է զգում, երբ լավ հանգստանում է և քունն առնում:

Մեր խմբի երեխաները բոլորն են քնում։ Քնից առաջ լավ օդափոխում ենք խմբասենյակը, շատ ցածր ձայնով միացնում ենք օրորոցային երգեր (ազգային, գուսանական)։ Երեխաները պառկում են, մի քիչ քչփչում են ու կամաց֊կամաց քնում են։

Մոտավորապես մեկ ամիս կլինի, որ նորեկ ունենք, ու ոչ մի ձևով չենք կարողանում պառկեցնել։ Քնում է նստած, շորերով ու նապաստակի նման, շատ թեթև, մի փոքր շարժում, ու նա արթնանում է։ Բոլոր հնարավոր ու անհնար ձևերը փորձել եք, բայց՝ անարդյունք։

Ուրախ կլինեմ կարդալ գործընկերներիս փորձը, գուցե հարմար տարբերա՞կ գտնեմ ու կարողանամ նրան պառկեցնել ու ապահովել հանգիստ քուն…

Запись опубликована в рубрике ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕՐԱԳԻՐ. Добавьте в закладки постоянную ссылку.