Рубрика: Հոդվածներ, Դաստիարակի ինքնակրթություն, Ծեսեր

Խաղողածեսի նորամուտը նախակրթարանում

Դեռևս հին ժամանակներից Հայաստանում զարգացած է եղել խաղողի մշակումը։

Բազմաթիվ պեղումների ժամանակ բացահայտվել են գինեգործական շատ կենտրոններ, որոնցից ամենահինը Արենիի հնձանն է: Այն հայտնաբերվել է 2011թվականին և ունի ավելի քան 6000 տարվա պատմություն։
Հնձանը (առագաստ, մզարան, մզանոց, գուռ, շիրատուն, չարազ), խաղողը ճզմելու և հյութը զատելու կառույց է՝ թեք հատակով ավազան, ուր բոբիկ ոտքերով տրորվում է խաղողը, անջատված քաղցր հյութը խողովակով հոսում է հնձանին կից տարայի մեջ։
Սակայն այսօր Հայաստանում շատ հազվադեպ են հանդիպում (գրեթե չեն հանդիպում) հնձաններ։ Ինչպես բոլոր ոլորտներում, այս ոլորտում ևս ամեն ինչ կատարվում է մեքենայացված, բայց համոզված եմ, որ խաղողը ոտքով ճզմելով՝ շատ հաճելի ու տպավորիչ պահեր կապրեք. գուցե, կյանքում այդ հաճույքն զգալու բախտ վիճակվի՞ գոնե մեկ անգամ:
Կարծում եմ՝ ընթերցողին հատաքրքիր կլինի իմանալ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում կա խաղողի և գինու դպրոց, որտեղ սովորում են այգեգործություն, խաղողագործություն՝ սկսած այգի հիմնելուց մինչև գինու արտադրություն ու սպառում։
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում ստեղծվել և քոլեջի բակում տեղադրվել է քարե մեծ հնձան, որտեղ կրթահամալիրի սաները, ուսանողները, ուսուցիչ֊դաստիարակները վայելում են խաղողից գինի ստանալու մեծագույն հաճույքը։
Մեր կրթահամալիրի բոլոր ծեսերը նախաբան ունեն։ Խաղողածեսն էլ բացառություն չէ: Սաները պատրաստվում են, սովորում երգերը, խաղիկներն ու պարերը։ Խորհուրդներ են հարցնում գինեգործ Արտակ Ռշտունուց, և նա մանրամասն բացատրում է, թե ինչպիսի խաղող ենք ընտրելու, ինչպես ենք հատիկներն առանձնացնելու չանչերից, ինչպես ենք ճզմելու։ Այդպիսի մի զրույց-քննարկումից, օրինակ, պարզեցինք, որ գինի պատրաստելիս խաղողը չի կարելի լվանալ, որովհետև խաղողի վրայի խմորիչները մաքրվում են, և առանց դրա գինի չի ստացվի։ Ծեսի նախօրեին երեխաները ծնողների հետ գնումների են գնում, ընտրում են խաղողը, գինն են հարցնում, համեմատում են, կշռում, ծանոթանում են խաղողի տեսակներին, ըստ գույների համեմատում են հասածն ու թերհասը։

Ինչպես մեր մյուս գործունեությունների ժամանակ, այնպես էլ խաղողածեսին մեծ է պարտեզ֊տուն կապը։ Երբ երեխան զգում է, որ տանն էլ, պարտեզում էլ նույն մթնոլորտն է, ծեսի նույն եռուզեռն է, մեր աշխատանքն ավելի արդյունավետ ու հեշտ է դառնում։ Երբ ամեն ինչ պատրաստ է՝ առանց որևէ ձևականության, առանց արհեստական լարվածության, առանց շինծու բեմականացման, սկսվում է ծեսը՝ ազգային մաքրամաքուր երգով ու պարով, խաղով ու խաղիկներով, օրհնանքներով, գովերգերով։ Հնձանի վրա սկսում ենք ճպճպացնել խաղողը։ Հըըը՜մ, խենթանալ կարելի է… Ճպճպոցի ձայնը, շիրայոտ մռութիկները, ճպճպան տոտիկները, ծիծաղն ու հրճվանքը, երգը, պարը… էլ ի՞նչ է պետք իսկական տոնը վայելելու համար, եթե ոչ շփում հողի, բերքի և այդ շփումից հաճույք ստացող լիքը վառվռուն ու չարաճճի աչուկներ։
Սա է լավագույն հաճույքը հազարավոր հանդեսների, հագուստներով պճնված, զարդարված բեմերով ու հուշող-թելադրող դաստիարակների փոխարեն ։ Քոլեջ-պարտեզի սաներն առաջինը փորձարկեցին հնձանն իր ողջ հմայքով։

Ծնողները ծեսին հետևում էին ֆեյսբուքյան ուղիղ եթերով, և շատ հետաքրքիր էին նրանց արձագանքները.
֊Էս ի՜նչ հավես է։
֊ Ուխա՜յ։
֊Ա՜յ քեզ վայելք։
֊ Ե՞րբ ենք խմելու։
֊ Ես էլ եմ ուզում պարտեզ գալ։
֊ Ուրախ եմ, որ հենց է՛ս պարտեզն է աղջկաս պարտեզը։

Հոկտեմբերի 17-ին դաստիարակների լաբորատորիան ներկայացավ «Բաղը քաղինք, խաղողը տարանք» ուսումնական- ծիսական պարապմունքով։ Հնձանի մոտ լսվում էին դաստիարակների քաղցր, երգեցիկ ձայները, ծիծաղը, խաղողի ճպճպոց-ճռճռոցը։ Մեր ճզմած խաղողի հյութն ուղարկեցինք խմորման՝ «Սեբաստացու օրերին» ունենալու մեր իսկ ձեռքով պատրաստած գինին: Ժամը 13:00 դաստիարակների խումբը հավաքվել էր հնձանի մոտ, և սկսվեց խաղողածեսը ազգային-ծիսական խաղիկներով՝ «Մամի, մամի, խաղողը հասել է», ապա տեղի ունեցավ ծիսական արարողություն` է՛լ գովեցինք, է՛լ օրհնեցինք: Ապա հաջորդեց ծիսական շուրջպար՝ «Բուլուլը» ,իսկ երբ հերթը հասավ ծիսական երգերին` «Բաղը քաղինք», «Էկեք ճզմենք քաղցր խաղող», «Քաղենք խաղողը»…ա՜յ քեզ խենթություն, ա՜յ քեզ հրճվանք. դաստիարակների մի խումբը խաղողը առանձնացնում էր ողկույզից, իսկ ծոցվոր դաստիարակը ոտքերով, ձեռքերով հնձանի վրա ճզմում էր խաղողը: Այնքան հետաքրքիր ու վարակիչ էր ծեսը, որ պարտեզների խմբերն սկսեցին խաղողածեսը կազմակերպել հնձանում և խմբասենյակներում։

Հոկտեմբեր ամսվա վերապատրասվողների հետ էլ իրականացրինք ուրախ խաղողածես։ Նրանց շատ էր ոգևորել մեր ծեսը, և միանգամից դարձան մեզնից մեկը ու անցան գործի՝ է՛լ խաղող ճզմեցին, է՛լ ճպճպացրին, է՛լ երգեցին ու պարեցին։ Այնուհետև այցելեցինք քոլեջի գինու դպրոց, որտեղ եռում էր աշխատանքը. մի կողմում աղջիկները խաղողներն էին կախում, մյուս կողմում տղաներն էին կշռում, ճզմում, քամում գինու համար նախատեսված խաղողները։ Վերապատրաստվողները շատ տպավորված էին կրթահամալիրի անցուդարձից:
-Կարծում եմ՝ դուք չեք էլ զգում, թե ձեր օրն ինչպես է սկսվում ու ավարտվում, ձեզ մոտ ամեն մի վայրկյանը հագեցած է, ֊ասաց վերապատրաստվող Մանե Ղազարյանը։

Ազգային ծեսերը, սովորույթները, խաղերը, որ մեզ են հասել մաքուր, կենարար ակունքներից, որոնք կապված ու ներդաշնակ են բնության հետ, պիտի պահպանենք և թույլ չտանք, որ պղտորվեն:

Մնում է միանալ հրճվանքին և խենթանալ միասին։

Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2֊4տարեկանների խմբերի դաստիարակների նյութերը։

Հոդվածը Դպիրում հղումը

Հոդվածը  Դպիրում  թարգմանվել է նաև ագլերեն